Ապրիլի 16-17-ը կայացած քաղաքականության երկխոսության հանդիպմանը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի փորձագետները ներկայացրեցին Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն առնչվող առանցքային խնդիրների հաղթահարման քաղաքականության փաստաթուղթ*։
Փաստաթուղթը ՄԻՀԿ-ի կողմից պատրաստվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի (ՀԱՀ ՊՀԿ) պատվերով։
Կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 16-17-ը կազմակերպված հանքաարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսության արտագնա հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ակտիվիստական շրջանակների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները, ոլորտային փորձագետներ և հետազոտողներ։
ՄԻՀԿ Իրավական և քաղաքականության հարցերով փորձագետ Նվարդ Փիլիպոսյանը՝ հանդիպման շրջանակներում ներկայացնելով Հայաստանում հանքաարդյունաբերության ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման խնդիրները, մասնավորապես նշեց, որ ՀՀ-ն մինչ օրս չի մշակել և չի ընդունել աշխատանքային միջավայրի, աշխատանքի անվտանգության և առողջության պահպանմանն ուղղված ազգային քաղաքականություն։ Միևնույն ժամանակ, օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրներ են առկա առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման տեսանկյունից կարևորագույն դերակատարում ունեցող Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի և արհեստակցական միությունների գործունեության առումով։ Էական խնդիր է հանդիսանում նաև ՀՀ-ում հանքարդյունաբերող կազմակերպությունների աշխատակիցների առողջության պարտադիր ապահովագրության համակարգի բացակայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանքաարդյունաբերության ազդակիր համայնքների աղետներին դիմակայունության, շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ազդեցության խնդիրներն ու մարտահրավերները։
*ՄԻՀԿ փորձագիտական խմբի կողմից պատրաստված քաղաքականության երկխոսության փաստաթղթի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի նաև առցանց։
Շնորհակալ ենք Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին համագործակցության և հանրային կարևորություն ունեցող խնդիրների շուրջ արդյունավետ հանդիպման կազմակերպման համար։
Comentarios