top of page

ՄԻՀԿ-ի դիրքորոշումը Սահմանադրության օրվա կապակցությամբ



Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ․ համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն (հոդված 1)։


ՀՀ Սահմանադրությունը մինչ այժմ փոփոխվել է 2 անգամ՝ 2005 և 2015 թթ.։


Սահմանադրության օրվա խորհրդի շրջանակներում կարևոր ենք համարում հիշեցնել, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուց խլվել են այնպիսի կարևորագույն իրավունքներ, ինչպիսիք են՝ բժշկական սպասարկման և բուժօգնության, առողջ շրջակա միջավայրի, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, աշխատանքի նվազագույն վարձատրության, պատշաճ կենսամակարդակի, սոցիալական ապահովության և այլ սոցիալական և մշակութային իրավունքներ, ինչն էական հետընթաց է Հայաստանում սոցիալական արդարության, սոցիալական և իրավական պետության կայացման տեսանկյունից։

Իրականացված փոփոխությամբ, ի թիվս այլնի, քաղաքացիները և Մարդու իրավունքների պաշտպանը զրկվեցին սոցիալական իրավունքների ընգրկուն շրջանակի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից։


Այժմ, ՀՀ կառավարության օրակարգում է Սահմանադրության թվով երրորդ բարեփոխումը։


Մեծապես արժևորելով Սահմանադրության օրվա խորհուրդը՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն անհրաժեշտ է համարում շեշտել Սահմանադրությամբ մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների ամրագրման հրամայականը։ Սահմանադրությամբ մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների ամրագրումը և սահմանադրական արդարադատական իրավակիրառ պրակտիկայի զարգացումը պետության զարգացման, ժողովրդավարական կառուցակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի գործնականացման նախապայմաներն են։


Հայաստանի պետականության զարգացման ներկայիս փուլում, անհատի և քաղաքացու իրավունքների և արժանապատվության պաշտպանության ամուր կառուցակարգերի ապահովման օրակարգն անզիջելի է։

Դրա կարևորությունն առավել շոշափելի է, հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, Արցախի շրջափակումը, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային լրջագույն խնդիրները և դրանցով պայմանավորվող՝ սոցիալական լրջագույն մարտահրավերներն ու բնակչության սոցիալական խոցելիության շարունակական խորացումը։


Այս փուլում հատկապես, մենք անընդունելի ենք համարում Սահմանադրական բարեփոխումների իրականացումն առանց մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների վերանայման և կատարելագործման։ Ավելին՝ փոփոփոխությունների այս գործընթացը չի կարող իրականացվել առանց քաղաքացուց խլված սոցիալական իրավունքների վերադարձն ապահովելու։


Սահմանադրության օրվա խորհդին ընդառաջ, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը կոչ է անում Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների համար պատասխանատու բոլոր դերակատարներին, մասնավորապես՝ ՀՀ Վարչապետին, ՀՀ արդարադատության նախարարությանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և Սահմանադրական բարեփոխումների խորհրդին․


- վերականգնել սահմանադրական ամրագրում ստացած բոլոր տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության մի շարք իրավունքները, որպես անմիջական գործող, հիմնական իրավունքներ

- վերանայել և կատարելագործել Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու իրավունքների մի շարք երաշխիքներ, որոնց կապակցությամբ մանրամասն առաջարկները ներկայացված են ՄԻՀԿ-ի կողմից 2021 թվականին իրականացրած՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտության շրջանակում։


Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ



16 views

Comments


bottom of page