Շնորհավո՛ր տնաշխատների* միջազգային օրը:
Հունիսի 16-ին՝ Տնաշխատների միջազգային օրը, նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 189-րդ կոնվենցիայի 2011 թվականի ընդունումը։ Այս օրը խորհրդանշում է տնաշխատների համար արժանապատիվ աշխատանքի ապահովման համար ջանքերի համատեղումը:
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը նպաստում է տնաշխատների համար արդար և արժանապատիվ աշխատանքային միջավայրի ձևավորմանը: Խնդրի շարունական հետազոտումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, տնաշխատների շահերի պաշտպանությունը մեր գործունեության առանցքում է։
Այս տարի, գործընկեր կառույցների հետ միասին, ոլորտում իրականացրել ենք հետևյալ աշխատանքները․
Հայաստանում տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ ծավալուն հետազոտության իրականցում, հիմք ընդունելով ԱՄԿ 189-րդ կոնվենցիայի պահանջները։
«Արժանապատիվ աշխատանք տնային աշխատողների համար» արշավի իրականացում՝ ուղղված տնաշխատների աշխատանքային իրավունքների մասին հանրային իրազեկվածության բարձրաձայնմանը:
«Եկե՛ք խոսենք տնային աշխատանքի մասին» հանդիպում-քննարկումների շարքի իրականացում, որի շրջանակներում ՄԻՀԿ-ի փորձագետները տնաշխատների և տնաշխատների ծառայություններից օգտվող գործատուների հետ միասին քննարկեցին կողմերին հուզող հարցերը, մասնավորապես, միավորման և աշխատանքային պայմանագրի կնքման մարտահրավերները։
Շնորհակալ մասնակիցներին և գործընկերներին՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանին (ՀՌԿԿ-Հայաստան) և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակին (UN Women Armenia) տնային աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի օրակարգի առաջխաղացման շուրջ համագործակցության համար։ Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։
Մենք նաև մեր համերաշխությունն ենք հայտնում տնաշխատների պաշտպանությունը, նրանց կարողությունների և հմտությունների զարգացումը կարևորող տեղական և միջազգային կազմակերպություններին, կառույցներին և ցանցերին՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակին, «Ժպիտ Քեզ» հասարակական կազմակերպությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, Տնաշխատների միջազգային ֆեդերացիային և ոլորտի այլ դերակատարներին։
Մենք հավատացած ենք, որ ջանքերի համախմբումն ու համատեղ պայքարը կարևոր են Հայաստանում տնաշխատության ոլորտի մասին իրազեկվածության բարձրացման, տնային աշխատողների իրավունքների իրացման, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման կառուցակարգերի զարգացման առումով և բաց ենք համատեղ աշխատանքի և ջատագովության համար։
*Տնաշխատներն են մասնավոր տնային տնտեսությունում կամ տնտեսության համար վճարովի աշխատանք կատարողները։ Նման աշխատանքը սովորաբար ներառում է տունը մաքրելը, ճաշ պատրաստելը, հագուստ լվանալը, արդուկելը, երեխաների կամ ընտանիքի տարեցների կամ հիվանդ անդամների խնամքը, այգեգործությունը, տան պահպանությունը, ընտանիքի համար մեքենա վարելը, ընտանիքի տնային կենդանիների խնամքը և այլն։
Comments