Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն էր խթանել մարդու իրավունքներին առնչվող թեմաների լայն սպեկտրի շուրջ բանավեճերը և քննարկումները, ինչպես նաև համախմբել գիտնականներին, իրավապաշտպաններին և քաղաքականություն մշակողներին՝ նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հետազոտական համայնքի զարգացմանը:
Գիտաժողովի շրջանակներում ՄԻՀԿ-ը մասնակցեց «Աշխատանքի իրավունքի իրականացումը որպես աղքատության հաղթահարման էական նախապայման» խորագրով պանելային քննարկմանը, համատեղ գործընկեր կառույցների՝ Հայաստանի եվրոպական համալսարանի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և ՄԱԿ-Կանայք Հայաստանի ներկայացուցիչների հետ։
Որպես քննարկման մոդերատոր, ՄԻՀԿ- տնօրեն Անահիտ Սիմոնյանը նախ ընդգծեց, որ Հայաստանում աղքատության հաղթահարման քաղաքականությունները դեռևս չեն որդեգրել իրավունքահենք մոտեցումը։ Այնուհետ նա անդրադարձավ աշխատանքային իրավունքների ոտնահարմամբ պայմանավորված՝ վերջին փուլում արձանագրված մտահոգիչ դեպքերին։
«Հայաստանում աշխատանքային իրավունքների և, առհասարակ, սոցիալական իրավունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունեցել ենք լրջագույն խախտման դեպքեր, որոնց թվում կարող ենք նշել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքը»,- նշեց Անահիտ Սիմոնյանը:
Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի ղեկավար Իզաբելլա Իսկանդարյանը, խոսեց աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրականացման և սոցիալական արդարության ապահովման փոխկապակցվածության մասին։
«Մեզ անհրաժեշտ են ավելի լայն և մասնակցային քննարկումներ սոցիալական արդարության հաստատման ճանապարհին, և այս առումով կարևորագույն դերակատարում ունի սոցիալական գործընկերության կայացումը ՀՀ-ում »,-ասաց Իզաբելլա Իսկանդարյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանն իր խոսքում անդրադարձավ արժանապատիվ աշխատանքի կարևորությանը։
«Աղքատության դեպքում մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում աշխատանքային արժանապատիվ պայմանների առկայությանը, ինչ էլ ավելի է խորացնում նրանց իրավունքների ոտնահարման ռիսկերը»,-նշեց Աննա Բարիկյանը:
Պանելային քննարկումը եզրափակեց ՄԱԿ-Կանայք կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյանը։ Նա խոսեց կանանց տնտեսական հզորացման և աշխատանքային իրավունքում գենդերային անհավասարությամբ և խտրականությամբ պայմանավորված խնդիրների հասցեագրման մասին:
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը շարունակաբար աշխատում է Հայաստանում իրավունքահենք սոցիալական օրակարգի առաջխաղացման ուղղությամբ։ Շնորհակալ ենք համաժողովի կազմակերպիչներին և պանելային քննարկման մասնակիցներին՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մասնագիտական դիրքորոշումները կիսելու համար:
Comments