2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։
նկարի աղբյուրը՝ այստեղ
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, հայտնում ենք մեր խորը հիասթափությունը և դժգոհությունը Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի որոշման կապակցությամբ։
ՀՀ կառավարությունը՝
Չի ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չի առել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, ինչի համար պետական բյուջեից վճարել է 454 հազար դոլար:
Հաշվի չի առել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
Անտեսել է Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով տոքսիկ տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսել է աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
Հաշվի չի առել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո:
Առողջապահության նախարարը հայտարարեց, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումն առողջության համար վտանգավոր չէ և անցել է համապատասխան փորձաքննություններ: Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ամուլսարի ծրագրի 4 ՇՄԱԳ փորձաքննական գործընթացներում չի իրականացվել և գործնականում չէր կարող իրականացվել փորձաքննություն, քանի որ համապատասխան մեթոդաբանություն չկա:
Հաշվի չի առել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պայմանավորված Բեռնի կոնվենցիայով:
Հաշվի չի առել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության դիմադրությունը: 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
Անտեսել է կամ չի գնահատել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը (due diligence), անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան՝ հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահելով օֆշոր գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։
Հաշվի չի առել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի, Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլ Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։ Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումը անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Սոթքի ոսկու հանքավայրի տարածքը պարբերաբար թիրախավորվում է, այսինքն, փաստացի, միջազգային ներդրումները երաշխիք չեն հանդիսանում Ադրբեջանի ռազմական նկրտումները զսպելու համար: Ամուլսարի ծրագրի դեպքում չկա որևէ երաշխիք, որ նույն սցենարը չի կրկնվի, և դրանով իսկ Հայաստանի տարածքներն էլ ավելի չեն թիրախավորվի:
Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման նպատակով ներգրավելով Եվրասիական զարգացման բանկին՝ չի գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական ռիսկերը՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում: Եվրասիական զարգացման բանկի մյուս խոշոր բաժնետերերը՝ Ղազախստանը և Բելառուսը, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ցուցաբերել են արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում: Նման բաժնետերեր ունեցող բանկի հետ գործարքի գնալն անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:
ՀՀ կառավարությունը փոխանակ որդեգրի քաղաքականություն՝ վերականգնելու երբեմնի բարգավաճող և արդեն սահմանամերձ դարձած առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը, ամրապնդելու համայնքների դիմակայունությունը և սահմանների անվտանգությունը, Ամուլսարի շահագործման ծրագրով, փաստորեն, նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը և նրա սոցիալ-տնտեսական կայացած համակարգը հանուն հանքի շահագործման 10-11 տարիների ընթացքում պետական բյուջե ժամանակավոր մտնող մի քանի միլիարդ դրամի և մի քանի կասկածելի օֆշորային ընկերությունների հարստացման:
Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերի անկառավարելիությունը՝ դեմ ենք Ամուլսարի ծրագրի իրականացմանը:
Պահանջում ենք
ՀՀ նախագահից
Երաշխավորել ՀՀ Սահմանադրության և միջազգային նորմերի պահպանումը, անաչառ դիրքորոշում հայտնել Ամուլսարի ծրագրի իրականացման հետևանքով Հայաստանին սպառնացող տնտեսական, բնապահպանական, սոցիալական և անվտանգային ռիսկերի վերաբերյալ՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:
Աջակցել հասարակությանը Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր ծրագրի դեմ պայքարում, թույլ չտալ ՀՀ Աահմանադրության ոտնահարումը, ապահովել ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից
Դադարեցնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման պայմանագիրը, իրավունքը, որոնք երկարաձգվել են 25.05.2022թ. ընդունված հակասահմանադրական և հակաժողովրդավարական ««Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի շնորհիվ:
ՀՀ առողջապահության նախարարությունից
Հրապարակել Ամուլսարի ծրագրի և մյուս հանքավայրերի՝ մարդու առողջության վրա ազդեցության՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացրած «բոլոր փորձաքննությունների» արդյունքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից
Հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագիրը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը ՀՀ կառավարությանն օտարելու վերաբերյալ պայմանագիրը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի համար 2016թ. տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը՝ հաշվի առնելով թերի գնահատված ռիսկերը և ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները:
ՀՀ գլխավոր դատախազությունից
Հարուցել քրեական գործ և բացահայտել այն բոլոր պատասխանատուներին, որոնց մասնակցությամբ և թողտվությամբ տեղի են ունեցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության թերացումները, որոնք հիմք են դրել Ամուլսարի խնդրահարույց նախագծի հանդուգն առաջխաղացման համար։
ՀՀ կառավարությունից
Հրաժարվել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրից, քանի դեռ չի ստացվել ֆինանսավորումը, չեն կատարվել ներդրումները, և Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել ֆինանսական բեռ՝ վճարելու կորուստների դիմաց։
ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից
Սատարել Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական գործընթացների իրացմանը հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների անվտանգության։
Ստորագրություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Յանուս» իրավական ՀԿ
«Վայոց Ձոր Էվոլյուցիա» ՀԿ
«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական Հիմնադրամ
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
Նիկոլայ Դավթյան՝ ռեժիսոր
Ռոզա Ջուլհակյան՝ փորձագետ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
Commenti