top of page

Հետազոտական հրատարակության շնորհանդեսին ընդառաջ



Հարգելի գործընկեր,

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) 2020թ․ օգոստոս ամսից իրականացրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների երաշխիքների վերանայմանն ուղղված ծավալուն հետազոտություն, որի հրատարակության շնորհանդեսը կկայանա վաղը՝ մարտի 11-ին։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ» վերտառությամբ հետազոտությունը* յուրահատուկ մասնագիտական իրավական վերլուծություն է, որտեղ խորապես ուսումնասիրվել են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները, և ներկայացվել են հետազոտական առաջարկներ դրանց կատարելագործման ուղղությամբ։


Ժամանակագրական առումով հետազոտության նախաձեռնումը արձագանքել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին[1]։ Տվյալ գործընթացի շրջանակում և հետազոտությանը զուգընթաց, նպատակ ունենալով հանրության և պետության ուշադրության առանցք բերել մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանության խնդիրները, ՄԻՀԿ փորձագիտական թիմն իրականացրել է հանրային քննարկումներ և իրազեկման միջոցառումներ, ներկայացրել է ընթացիկ վերլուծություններն ու առաջարկները շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։


Իրականացված հետազոտությունը փաստում է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական նորմերի և գործող երաշխիքների վերանայման անհրաժեշտության մասին։
ՀՀ Սահմանադրությունն ունի վերանայման կարիք, որը բխում է քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առավել ամուր երաշխիքների ամրագրման հրամայականից։

Իրականացված հետազոտության շրջանակում ներկայացվել և հիմնավորվել են ՀՀ Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու իրավունքների մի շարք երաշխիքների կատարելագործման անհրաժեշտությունները։


Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության, երեխաների իրավունքների, հավասարության ապահովման և խտրականության արգելքի, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերի, դատապարտված և պատիժը կրող քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանափակման, համայնքների լսված լինելու իրավունքի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի, ազատ արտահայտվելու իրավունքի սահմանադրաիրավական ամրագրումները։


Հետազոտության առաջարկները ձևավորվել են՝ հիմք ընդունելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային իրավական չափանիշները, իրավունքի զարգացման առաջադեմ միտումները և ՀՀ միջազգային իրավական պարտավորություններին համապատասխանեցման հնարավորությունները։


ՄԻՀԿ-ի դիրքորոշումն է, որ սահմանադրական հաջորդ բարեփոխումը պետք է իրականացվի առավել հաշվետու, թափանցիկ և մասնակցային գործընթացի միջոցով և պետք է միտված լինի այնպիսի Սահմանադրության ընդունմանը, որը կդառնա ՀՀ քաղաքացու և անհատի իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրական և արդյունավետ գործիք։

Սահմանադրությամբ մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների ամրագրումը պետության զարգացման, ժողովրդավարական կառուցակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի գործնականացման առանցքային նախապայմանն է։ Սա է նաև այն հենակետը, որի վրա պետք է կառուցվի սահմանադրական բարեփոխումների յուրաքանչյուր գործընթաց։


Լիահույս ենք, որ հետազոտության շրջանակում ներկայացված խնդիրներն առաջարկները տեղ կգտնեն առաջիկա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում և վերանայված Սահմանադրությունը կերաշխավորի Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների սահմանադրաիրավական պաշտպանության ավելի բարձր մակարդակ։


Հարգանքով՝

ՄԻՀԿ փորձագիտական թիմ։


-----------


* Հետազոտությունը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Հետազոտության բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ինն են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:


[1] Տվյալ գործընթացի համար իրավական հիմք է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը (ՀՀ Կառավարության N 1441-Լ որոշում, 2019 թ․)։








11 views

Comments


bottom of page