top of page

Կանանց նկատմամբ գենդերային բռնությունը փակ հաստատություններում. հետազոտական աշխատնանքերի ընթացք



Կարևորելով խնդրի բարձրաձայնումը և հաշվի առնելով, որ հայաստանյան փակ հաստատություններում գտնվող կանանց և աղջիկների հանդեպ գենդերային հիմքով բռնության դրսևորումները մինչ այժմ համապարփակ ուսումնասիրության չեն ենթարկվել, իսկ խնդիրն ինքնին դուրս է ոլորտային քաղաքականությունների ուշադրությունից և առաջնահերթությունների շրջանակից, հետազոտությունը նպատակ ունի ներկայացնել փակ հաստատություններում կանանց և աղջիկների հանդեպ գենդերային բռնության հիմնահարցը՝ տեղական համատեքստում։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) կողմից իրականացվող՝ «Գենդերային բռնությունը փակ հաստատություններում գտնվող կանանց և աղջիկների նկատմամբ․ հիմնախնդրի ուսումնասիրություն հայաստանյան համատեքստում» վերտառությամբ հետազոտությունը վերլուծական եզրափակիչ փուլում է։ Հայաստանյան համատեքստի վերլուծությունն իրականացվում է առնչվող տեղական և միջազգային գրականության, միջազգային նորմերի և չափանիշների, ներպետական օրենսդրության և քաղաքականության, և դաշտային աշխատանքների միջոցով հավաքագրված տվյալների համադրմամբ։ Նախորդ ամիսներին իրականացվել է 15-ից ավելի փորձագիտական հարցազրույց (ընդհանուր ոլորտային փորձագետների, մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների և այլընտրանքային /ոչ պետական/ հատուկ խնամքի կենտրոնների հետ), 2 ֆասիլիտացված քննարկում (քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդություն իրականացնող խմբերի անդամների հետ) և շուրջ 20 խորին հարցազրույց առանցքային դերակատարների հետ (փակ հաստատությունների ղեկավար անձնակազմերի և որոշումների կայացման գործընթացում ներգրավված անձանց հետ): Առանցքային դերակատարների շրջանակից հարցազրույցներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության հետ, կից գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ների հետ, ՀՀ Ոստիկանության, Քրեակատարողական ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ։ Ազատազրկման վայրերից հարցազրույց է իրականացվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, բժշկական հաստատություններից՝ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն», ««Սևան» հոգեկան առողջության կենտրոն», «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր», «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ների և «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ, խնամքի կենտրոններից՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի հետ։ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:


21 views

Comments


bottom of page