🎓Հուլիսի 12-ին կայացավ «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցի փակման արարողությունը՝ դպրոցի ունկնդիրների և դասախոս-փորձագետների մասնակցությամբ։
Փակման արարողությանը ելույթ ունեցան ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ՀԱՀ Սոցիալական արդարության և մարդու իրավունքների մագիստրոսական (ՄԻՍԱ) ծրագրի ներկայացուցիչ Փիլիպպա Մալլինսը։
Անահիտ Սիմոնյանը և Ֆիլիպպա Մալլինսը շնորհավորեցին Երեկոյան դպրոցի մասնակիցներին` այն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
Մասնավորապես, Անահիտ Սիմոնյանը, նշեց, որ մարդու իրավունքների հետազոտական մշակույթն ու գիտելիքը ակադեմիական միջավայրերում խթանելը ՄԻՀԿ-ի առաջնահերթություններից է, իսկ Երեկոյան դպրոցն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորագույն ձևաչափերից։
Անահիտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ՄԻՍԱ ծրագրի գործընկերներին՝ Երեկոյան դպրոցի շրջանակներում համագործակցության համար։ «Երեկոյան դպրոցը, անշուշտ, լինելու է շարունական, և այս կապակցությամբ մենք մշտապես ողջունելու ենք ակադեմիական յուրաքանչյուր հաստատության հետ համագործակցությունը։ Մեծ հաճույքով ենք, այս անգամ, համագործակցել Հայաստանի ամերիկյան համալսարանի Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագրի հետ։ Մագիստրոսական ծրագիրը Հայաստանում մարդու իրավունքների կրթության կարևորագույն օջախներից է և մեծ հաջողություն ենք մաղթում ՄԻՍԱ ծրագրի մեր գործընկերներին», - նշեց ՄԻՀԿ տնօրենը։
Շարունակելով իր խոսքը՝ Անահիտ Սիմոնյանը շեշտեց, որ Երեկոյան դպրոցին մասնակցել են Հայաստանի 10 ակադեմիական հաստատություններից ուսանողներ և նորավարտ մասնագետներ։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Երեկոյան դպրոցում ներգրավված մասնագետներին իրենց կարևորագույն գիտելիքն ու փորձը դպրոցի մասնակիցների հետ կիսելու և դպրոցի փորձագիտական բարձր մակարդակն ապահովելու համար։
ՄԻՍԱ ներկայացուցիչ Ֆիլիպպա Մալինսն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՄԻՀԿ-ին՝ Երեկոյան դպրոցի կազմակերպման և յուրահատուկ կրթական միջավայրի ձևավորման համար։ Ամփոփելով իր ելույթը՝ Ֆիլիպպա Մալինսն ասաց․ «Ի դեմս ՄԻՍԱ ծրագրի շնորհավորում եմ դպրոցի մասնակցիներին և ցանկանում եմ հավաստիացնել, որ ՄԻՍԱ ծրագրի և մեր համալսարանի դռները մշտապես բաց են լինելու ձեզ համար»:
🎓Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ, որին հաջորդեց հյուրասիրության շուրջ դպրոցի մասնակիցների և դասախոս-փորձագետների միջև շփումն ու քննարկումները։
—
Երեկոյան դպրոցն իրականացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։
Դպրոցի նպատակն է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և մարդու իրավունքների ոլորտում հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։
Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ
Comments