Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիտարկմանն է ներկայացրել մի շարք առաջարկներ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ։
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության նախագիծը (Ռազմավարության նախագիծ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (Լիազոր մարմին) կողմից հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) ։
Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը դրական է գնահատում Ռազմավարության նախագծի գործընթացի մասնակցային բնույթի ապահովման նպատակով Լիազոր մարմնի մինչ այժմ նախաձեռնած քայլերը։
Կարևոր ենք համարում շեշտել, որ Ռազմավարությունը պետք է հանդիսանա սոցիալական պաշտպանության և աշխատանքային իրավունքների իրացման պետության պարտավորություններից և առկա մարտահրավերներից բխող նպատակադրումները և անհրաժեշտ միջոցառումները սահմանող ուղենշային փաստաթութղ։ Այս տեսանկյունից Ռազմավարության նախագծի դիտարկման արդյունքում ՄԻՀԿ-ի կողմից ներկայացվել է շուրջ 20 առաջարկ, որոնք միտված են հասցեագրելու հետևյալ խնդիրները․
Արժեբանական և ուղենաշային առումով Ռազմավարության նախագծով բավարար կերպով ապահովված չէ իրավունքահենք սկզբունքների ամրագրումը;
Ռազմավարությամբ առաջադրվող խնդիրներին և նպատակադրումներին հասնելու տեսանկյունից Նախագծում ներկայացված ուղենշային հանդիսացող միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակը ենթակա է համալրման;
Հիմք ընդունելով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) ՀՀ ստանձնած պարտավորությունները, վերանայումների է ենթակա Ռազմավարությամբ հռչակված «Ամրապնդել աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի դերն արժանապատիվ աշխատանքի խրախուսման, և զբաղվածության խթանման, և աղքատության նվազեցման հարցում» գերակայությունը։ Այս կապակցությամբ ՄԻՀԿ-ի ներկայացված առաջարկները վերաբերում են աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝
Կանանց և տղամարդկանց կողմից մասնագիտության և զբաղվածության ոլորտի ընտրության շուրջ կարծարտիպերի հաղթահարմանը։
Ընտանեկան պարտականնությունների անհավասար բաշխման արդյունքում կանանց տնտեսական ակտիվության խոչընդոտմանը։
ՀՀ օրենսդրությամբ ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողներին՝ որպես առանձին կատեգորիայի ճանաչմանը և վերջիններիս աշխատանքային պայմանների առանձնահատկությունների վերաբերյալ մասնավոր կարգավորումների ապահովմանը։
Հղի և կրծքով կերակրող կանանց համար արժանապատիվ, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը և ըստ այդմ, առկա իրավակարգավորումների և աշխատավայրերում ռիսկերի գնահատման գործընթացի ինստիտուցիոնալ հիմքերի վերանայմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Գենդերային հիմքով բռնության և կանանց շրջանում աղքատության, ցածր զբաղվածության և աշխատուշակայից դուրս մնալու միջև կապի արտացոլմանը, այդ թվում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնության և աշխատավայրում սեռական ոտնձգությունների խնդիրներին։
Կրթությունից դուրս մնացած երեխաների մասնաբաժնի նվազեցման տոկոսային ցուցիչի հստակեցմանը և մինչև 16 տարեկան երեխաների՝ վտանգավոր և արգելված աշխատանքում ներգրավվածության խնդրի հասցեագրմանը։
Ներկայացված առաջարկների առնչությամբ Լիազոր մարմնի արձագանքը ստանալուց հետո այն ևս կհրապարկվի ՄԻՀԿ-ի կայքում։
Comments