ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը ԱԺ փորձագետների հետ հանդիպման շրջանակներում անդրադարձավ գենդերազգայուն մոտեցմամբ հետազոտությունների իրականացմանն ու պետական քաղաքականությունների մշակմանը։
Դիլիջանում կայացած՝ ԱԺ փորձագետների կարողությունների զարգացմանն ուղղված եռօրյա հանդիպումը (հուլիսի 2-4-ը) կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից՝ Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը RWI-ի հետազոտական բաժնի տնօրենի տեղակալ Մորթեն Քոչ Անդերսենը և Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը փորձագիտական աշխատարաններ վարեցին։
Անահիտ Սիմոնյանի աշխատարանը նվիրված էր գենդերազգայուն և միջսեկցիոնար մոտեցմամբ հետազոտությունների իրականացմանը և պետական քաղաքականությունների մշակմանը։
Աշխատարանի ընթացքում ԱԺ փորձագետներին ներկայացվեցին գենդերազգայուն քաղաքականությունների մշակման առանցքային բաղադրիչները, փուլերն ու գործիքները, քննարկվեցին ՄԻՀԿ-ի գործունեության շրջանակում տեղ գտած մի շարք օրինակներ, անդրադարձ կատարվեց գենդերային զգայուն մոտեցմամբ իրականացվող մշտադիտարկմանն ու տվյալների հավաքագրմանը։
Հանդիպումը Ազգային ժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետների հետ ծանոթանալու և նրանց հետ Հայաստանում գենդերազգայուն ոլորտային քաղաքականությունների զարգացման խնդիներն ու մարտահրավերները քննարկելու կարևոր առիթ էր։
Հայաստանում իրավունքահենք և գենդերազգայուն քաղաքականությունների մշակման խթանումը ՄԻՀԿ-ի գործունեության առաջնահերթությունն է։ Այս առումով մենք առավել կարևորում ենք գործադիր և օրենսդիր մարմիններում համապատասխան գիտելիքների և կարողությունների ձևավորումը և մշտապես բաց ենք փորձի փոխանակման և համագործակցության համար։
ՄԻՀԿ-ը շնորհակալ է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին և Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտին հրավերի համար։
Comments